Շատերն էին սպասում, որ ընդդիմությունը պետք է «վերցնի» Ազատության հրապարակը: Այդպես էլ եղավ: Եվ ընդհանրապես, երեկ ընդդիմությունն ու իշխանությունը վիրտուոզ շախմատային պարտիա խաղացին միմյանց հետ:
Միտինգը մարդաշատ էր: Դրանից առաջ բանտարկյալ տղերքից մեկին իշխանություններն ազատել էին: Միտինգը «գնաց» դեպ Ազատության հրապարակ: Բանտարկյալ տղերքից մեկն էլ ազատվեց: Ամեն բան կոռեկտության շրջանակներում էր, ոստիկանների պահվածքը ևս (նույնիսկ Բազազինը), իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը` լրիվ բուֆերային (տեղ-տեղ էլ՝ ընդդիմադիր):
Ընդ որում, ելույթի տպագիր ու բանավոր «հնչումներն» աուրիտիկ էներգետիկայով ահագին տարբեր էին. լսելիս կարծես այն լրիվ արմատական էր, նույնը կարդալիս՝ նորմալ, հավասարակշիռ, կոռեկտ ու պատասխանատու (ա՛յ քեզ հոգեխանգարմունքային ընկալում):
Խիստ նրբագեղ նահանջով Տեր-Պետրոսյանը բացատրեց, որ իրենք վերջնագիր չեն ներկայացրել որևէ մեկին ու մինչև ապրիլի 8-ի հանրահավաք երկարաժամկետ և կարճաժամկետ նոր «նշագրումներ» կատարեց:
Ապրիլի 8-ի համար մնաց երեք կետ, իսկ սա էլ իր հերթին նշանակում էր, որ Ազատության հրապարակում ՀԱԿ-ն այդ օրը չէր նստելու-մնար: Րաֆֆիի կողքին: Այլապես ստացվելու էր, որ անսացին Ռուբեն Հակոբյանի՝ ընդդիմության միասնության հորդորին, ու միացան Րաֆֆիին:
Ընդ որում՝ մինչև ապրիլի 8 «տրված» երեք կետերից երկուսն այդ օրը կարծես կատարվել էր: Առավել ստույգ մեկը՝ լրիվ. Ազատության հրապարակը նվաճված էր՝ բանակցությունների արդյունքում. այդ քաղտեխնոլոգիան Սաշիկ Աֆյանն ու Լևոն Զուրաբյանը բազմիցս են կիրառել՝ հանրահավաքները կոռեկտացնելու նպատակադրումից մղված:
Իսկ մյուս պայմանը՝ քաղբանտարկյալների ազատումը, իրականացման փուլում է:
Ի դեպ, Տեր-Պետրոսյանի ելույթի հաջորդ մեխը նույնպես բավականին հետաքրքիր էր. իրենք «մաքսիմալիստ չեն և չեն ցանկանում իշխանություններին անկյուն սեղմել», «իշխանությունները խոսքից գործի պետք է անցնեն»:
Իսկ ինչո՞ւ ոչ: Հրաշալի առիթ բարեփոխումներն սկսելու, այնտեղ, ուր իշխանության ձեռքը չէր հասնում, ընդդիմության պահանջների «ձեռքով» խաղը շողուլի բերելու, տնտեսական, օլիգարխիայի ոլորտներում շտկումներ մտցնելու, ներքին կյանքը վերակազմավորելու տեսանկյունից: Այս առումով ընդդիմության պահանջներն ուղղակի գտնված են:
Մտահոգիչն այս ամենում նախորդ օրը ng.ru-ում զետեղված հոդվածն էր, որ թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում ընդդիմությունների աշխուժացումը «գերտերությունների» կողմից «սարքված» վիճակ է՝ ղարաբաղյան խնդրում կողմերից զիջումներ պոկելու համար:
Սեփական ընդդիմության ձեռքերով:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ